Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հայբուսակ» համալսարանի
ռեկտորը և մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում
տարբեր անձանցից վարձավճար են վերցրել՝ նշված համալսարանի Իջևանի մասնաճյուղ ընդունելու
պատրվակով:
«Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր
Ս.Հ.-ի և մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
(առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն):
2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ.-ի կողմից վերականգնվել է հանցագործության
արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի
10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության
գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ»
համալսարան ՍՊ ընկերության լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը
դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության
մեջ: